Ժողովրդի գրպանը մտնող «Հայռուսգազարդը» պիտի պատժվի
Հասարակություն 13:40 - 09.04.2014 Ժողովրդին քերելու տեղ էլ չկա, կաշին հանել են, միսը հանել են, հասել են ոսկորին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը` հավելելով, որ ժամանակն է պայքարելու իշխանությունների հակաիրավական գործունեության դեմ: Արշակ Զաքարյանը, երգահան Էդուարդ Զորիկյանը և մի շարք արվեստագետներ ու ազատամարտիկներ միացել են Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանի նոր նախաձեռնությանը, որի նպատակը իշխանությունների ազգաոչնչացնող գործունեության դեմ պայքարն է: Վաղը Հանրապետության հրապարակում նրանց առաջին բողոքի ակցիան է լինելու, որի ընթացքում պահանջելու են վերանայել գազի գինը: Էդ. Զորիկյանն ասաց, որ իր համար ուղղակի զարմանալի է, որ ՀՀ նախագահը էներգետիկայի նախարարություն այցի ժամանակ հանձնարարում է «ժողովրդին բացատրել, թե ինչու է սահմանին գազի գինը x դրամ, իսկ օգտագործողին վաճառվում է 2x դրամով»: «Սա ուղղակի ծիծաղելի է, մենք հո 5 տարեկան երեխաներ չենք: Ասում են, թե պետք է բացատրել, որ խողովակներ են փոխվում: Հսկայական Ռուսաստանի ամբողջ տարածքով այդ գազը գալիս, հասնում է x գնով, իսկ Հայաստանում, որ գլոբուսի վրա մի կետ է, խողովակը փոխելով, կրկնակի թանկանում է»,- նշեց արվեստագետը: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ արդեն իսկ ժողովրդին ապացուցել են, որ «Գազպրոմ Արմենիա»-ն խաբել ու խաբում է ժողովրդին` մոտ 30 տոկոս ավելի գումար գանձելով չմատակարարված գազի դիմաց, ինչը ամսական մոտավորապես կազմում է 9.5 միլիոն դոլար: Նրա խոսքով` իրենք բռնել են գողի ձեռքը` մարդու գրպանում, և այժմ կա երկու տարբերակ` պատժել կամ անտեսել, որ նա շարունակի իր գողությունը: Yerkir.am-ի հարցին, թե պայքարի ի՞նչ միջոցներ են ընտրել, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ չեն բացառվում նաև ռադիկալ քայլերը: Օրինակ` նախ 10-օրյա ժամկետ կտան էներգետիկայի նախարարությանը` գինը վերանայելու և իջեցնելու համար, իսկ պահանջը չկատարելու դեպքում կդիմեն քաղաքացիական անհնազանդության: Մարտիրոսյանը հավելեց նաև, որ նախաձեռնության անդամները վախկոտներից չեն, որ շենքի մուտքում «բո» անեն, վախեցնեն. «Մեզ «բո» անողը տեղում կսատկի»: Նա կոչ արեց ժողովրդին` միանալ իրենց նախաձեռնությանը և պայքարել անիրավությունների դեմ: «Բոլորն էլ կարող են միանալ մեզ` անհատներից սկսած մինչև քաղաքական ուժերը: ՀՀԿ-ականներն էլ թող միանան, ինչի՞, իրենք գազ չե՞ն վառել, իրենց չե՞ն խաբել»,- ասաց Մարտիրոսյանը:
Մանրամասները` yerkir.am կայքում:
0 Комментарии